Եղիսաբեթ 2-րդը տոնում է իր գահակալության 70-ամյակը
ՏեսանյութերՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը տոնում է իր գահակալության 70-ամյակը։ Այսպիսով, նա բրիտանական առաջին միապետն է, որը տոնում է թագավորման պլատինե հոբելյանը։ Լոնդոնի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ նշելու այս տոնը, որը սկսվել է առավոտյան՝ թագուհու տարեդարձի շքերթով։ Տոնակատարությունները կշարունակվեն 4 օր։
Արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոտան և արքայազն Լուին շքերթին մասնակցել են իրենց մոր՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթի և Քորնուոլի դքսուհի Քամիլլայի հետ։ Բոլորի ուշադրությունը գրավել է արքայադուստր Շառլոտան։ Երբ արքայադուստր Շառլոտան վերջացրել է ձեռքը թափահարել, նա ժպտալով ձեռքը դրել է արքայազն Լուիի ձեռքի վրա, որր խանդավառությամբ ձեռքով ողջունում էր թագավորական ընտանիքի երկրպագուներին, որպեսզի նա էլ դադարեցնի։
Արքայազն Չարլզը, արքայազն Վիլյամը և արքայադուստր Աննան եղել են նժույգների վրա, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գվարդիայի պատվավոր գնդապետ է։
Ավիաշոուին հետևելու համար արքայական ընտանիքի անդամները հավաքվել են պատշգամբում՝ 96-ամյա թագուհի Եղիսաբեթի կողքին։ Արքայազն Հարին և Մեգան Մարքլը ավիաշոուի ընթացքում պատշգամբում չեն եղել։ Նրանք արարողությանը հետևել են պալատական պատուհանից։