Նազարբաևը որոշել է աջակցել իր կարգավիճակի հետ կապված սահմանադրական փոփոխություններին
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 5-ին կայանալիք հանրաքվեում կաջակցի երկրի Սահմանադրության փոփոխություններին, որոնցից մի քանիսը կհանեն նրա մասին հիշատակումը երկրի հիմնական օրենքից, ասել է նա ղազախ քաղաքական վերլուծաբան Դանիյար Աշիմբաեւին տված հարցազրույցում։
«Այո, հունիսի 5-ին ես անպայման կօգտվեմ Սահմանադրությամբ ինձ տրված իրավունքից եւ կմասնակցեմ հանրաքվեին... Այս տարիների ընթացքում ես ամեն կերպ աջակցել եմ նրա (նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի) գործողություններին՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը եւ մեր երկրի հետագա զարգացմանը։ Կարող եք չկասկածել, որ այս անգամ էլ կաջակցեմ»,- ասել է նա հարցազրույցում, որի տեքստը Աշիմբաեւը հրապարակել է իր Telegram-ալիքում։
Նազարբաեւը նաեւ նշել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո իր որոշակի լիազորությունների պահպանումն անհրաժեշտ էր «սահուն քաղաքական անցման եւ հասարակության մեջ ու իշխող վերնախավում հնարավոր հակասությունները մեղմելու համար»։