ԵՀ-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի իր կարծիքը Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության դիմումի վերաբերյալ. Բորել
Եվրահանձնաժողովն առաջիկա շաբաթներին կներկայացնի կարծիքը Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության դիմումի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը` պատասխանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման մասին հարցին։
Նրա խոսքով՝ այս համատեքստում քննարկվել է հնարավորությունների պատուհանը։ «Սա բարեփոխումներն արագացնելու,ցանկացած քաղաքական բեւեռացումից խուսափելու, բարեփոխումներին ձգտումը շարունակելու ժամանակն է, հատկապես՝ արդարադատության համակարգում։
«Քանի որ դրանք այն հարցերն են, որոնք ԵՀ-ն գնահատելու է, դրանք հաշվի կառնվեն։ Այնպես որ, սա լավ պահ է բարեփոխումներն արագացնելու համար, քանի որ կարեւոր է նշել, որ դատական համակարգի բարեփոխումները մեզ համար բոլոր բարեփոխումների հիմնաքարն են: Եվրամիությունը օրենքի գերակայության, անկախ դատական համակարգի վրա հիմնված քաղաքական համակարգ է, որը լիովին հաշվետու է եւ ունի քաղաքացիների վստահությունը: Եւ մենք այդ մասին կխնդրենք ցանկացած թեկնածուի»։
Բորելը նաեւ հայտնել է, որ քննարկվել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների համաձայնեցումը՝ պատժամիջոցների ցանկացած շրջանցումից խուսափելու համար եւ այն, թե ինչպես են դրանք ներկայացվել Վրաստանի քաղաքական դեբատներում։
«Մենք շատ ենք գնահատում [Վրաստանի] քվեարկությունը ՄԱԿ-ում՝ իմանալով, թե որքան դժվար է նրա համար դեմ գնալ Ռուսաստանին: Բայց մենք պետք է նաեւ գնահատական խնդրենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք չեն վտանգի դրանց արդյունավետությունը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։
Նա նշել է, որ ԵՄ-ն կաջակցի Վրաստանի «տարածքային ամբողջականությանը» եւ չի ճանաչի Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու հանրաքվեն, որն «անօրինական» է համարում։