Ռուսաստանի փոխվարչապետի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է մեկնում Թուրքիա։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին տնտեսական հարցերով հանդիպում կունենա մի շարք գերատեսչություններում։
Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթի հաղորդմամբ՝ ռուսական պատվիրակության օրակարգային խնդիրը լինելու է Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցը։ Պատվիրակության կազմում գտնվող գործարարները գնահատելու են ներդրումների հնարավորությունները Թուրքիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։
Միջպատվիրակային բանակցությունների օրակարգային հաջորդ թեման լինելու է առևտրային ապրանքների տեղափոխման հետ կապված խափանումների հարցը։
Աղբյուրը հաղորդում է, որ 2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով նվազել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները, այնինչ նախորդ տարի ընդհանուր ծավալը կազմել էր 33 մլրդ 25 մլն դոլար։
Նշվում է, որ ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների հետևանքով մի շարք եվրոպական ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից։ Այս ամսից սկսած Ռուսաստանը ԵՄ-ից և Աֆրիկայից ոչ մի արտադրանք չի կարողանալու գնել։
Երկու երկրների պատվիրակությունները քննարկելու են ռուսական շուկայում թուրքական ընկերությունների ներգրավվածությանը միտված քայլերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու բարձր մակարդակի գործարար համաժողովին։