Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ հատուկ նախաձեռնություններ է ներկայացրել․ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ
Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորայի՝ Իրան կատարած այցի ընթացքում երկիրը հանդես է եկել հատուկ նախաձեռնություններով, և ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է IRNA-ն։
Նա ասել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը և Ժոզեպ Բորելը պայմանավորվել են անձամբ շարունակել խորհրդակցությունները, և այդ պատճառով Էնրիկե Մորայի հետ հանդիպման ժամանակ Իրանը հատուկ նախաձեռնություններ է ներկայացրել միջուկային գործարքի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն արձագանքի այդ առաջարկներին, ապա բոլոր կողմերը կվերադառնան Վիեննա՝ համաձայնության գալու համար։
«Եթե ԱՄՆ-ն հայտարարի իր քաղաքական որոշման մասին, ապա մենք կարող ենք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մորան Իրան է այցելել հատուկ օրակարգով։ Միևնույն է, Թեհրանը պահանջում է իր օրինական իրավունքները, և անհրաժեշտ է հեռացնել առավելագույն ճնշումը Իրանից»,- եզրափակել է նա։