Բաղդադում ավազամրրիկի պատճառով օդանավակայանը փակվել է
Բաղդադի միջազգային օդանավակայանի աշխատակազմը երկուշաբթի դադարեցրել է օդանավակայանի աշխատանքը Իրաքում մոլեգնող ավազամրրիկի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Shafaq News լրատվական պորտալը։
Ավիափոխադրումները լիովին դադարեցվել են վատ տեսանելիության պատճառով։ Տեղեկացվել է, որ ներկայում այն, թույլատրելի 800 մետրի փոխարեն, 300-ից ցածր է։
Բացի այդ, փոշու առատ հոսքի պատճառով, որը մայրաքաղաք է գալիս անապատից, իշխանությունները հայտարարել են պետական հաստատությունների մեծ մասը փակելու մասին։ Գործելու են միայն առողջապահության նախարարության հաստատությունները։ Չեղարկվել են նաեւ այս օրերին նախատեսված քննությունները տարրական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Իրաքի այլ շրջաններում։ Մասնավորապես, վատ եղանակից տուժել են Նաջաֆ, Վասիթ, Էդ Դիվանիա, Քիրկուկ եւ Դիյալա շրջանները, որտեղ երկուշաբթի ոչ աշխատանքային օր է հայտարարված պետական բոլոր հաստատությունների համար։