Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչը նշանավորվում է երկկողմ բարձրաստիճան ակտիվ փոխայցելություններով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք նպաստում են կառավարությունների և այլ մարմինների միջև սերտ փոխգործակցությանը, կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը: Վարչապետը հավելել է, որ կառավարության նպատակն է պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ համատեքստում կարևորել ՌԴ փորձը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի ու ՌԴ Հաշվիչ պալատի փոխգործակցությունը:
Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, որոնք կարևոր են գործունեության մեջ նոր մոտեցումներ կիրրառելու առումով: ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը ևս կարևորել է համագործակցության ընդլայնումը և անդրադարձել իր ղեկավարած կառույցի գործունեությանն ու արդյունքներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի շուրջ:
Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի ընթացքում շարունակվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումները: