«Ներս չենք մտնում». Քաղաքացիները շրջափակել էին կառավարության 3-րդ մասնաշենքը
«Դիմադրության» շարժման երթը, որը սկիզբ էր առել Ֆրանսիայի հրապարակից, հասավ Հանրապետության հրապարակ: Կառավարության մոտով անցնելիս բարձրացրեցին բռունցնքները։
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. ««Բռունցքները բարձր։ Թող այս շենքում նստած դավաճանը տեսնի՝ քանի հազար վարչապետ է եկել իր հետևից։
Նիկոլ դու իմացիր, ամեն օր ու ամեն ժամ գալու ենք քո հետևից։ Դու ժողովրդին այսուհետ նայելու ես ոստիկանական պատնեշի ու փշալարերի հետևից։ Դու Հայաստանում որևէ հենարան չունես, բացի ոստիկանական ուժերը։ Ուժային ամբողջ պետական համակարգը կենտրոնացրել ես քո իշխանությունը պահելու համար, որը քեզ, վստահեցնում ենք, չի ստացվելու։ Իմացիր՝ քեզ քիչ, հաշված օրեր են մնացել»:
Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ իրենց երթերի սակավամարդության խնդրին՝ նշելով. «Երեկ եղանակի բերումով մարդկանց թիվը մի քիչ քչացել էր: Մարդիկ ասում էին՝ շարժումը մարեց, մարդիկ հոգնեցին, մի հատ տեսեք, մեր հայրենակիցների վերջը չի երեւում»:
Ապա Իշխան Սաղաթելյանն ասաց, որ երթի ուղղությունը փոխում են, գնում են դեպի կառավարության 3-րդ մասնաշենք:
«Ներս չենք մտնում, դռներն ենք շրջափակում»,- հայտարարեց Սաղաթելյանը։