Պեկինում մետրոյի ավելի քան 60 կայարան փակվել է COVID-19-ի բռնկման պատճառով
Պեկինի մետրոն մայիսի 4-ից դադարեցրել է 64 կայարանի աշխատանքը՝ քաղաքում շարունակվող COVID-19-ի բռնկման պատճառով։ Այս մասին ասվում է չորեքշաբթի չինական Weibo սոցցանցում մետրոպոլիտենի էջին հրապարակված հաղորդագրության մեջ։
Չորեքշաբթի առավոտյան հաղորդվել է 44 կայարանի աշխատանքի դադարեցման մասին, իսկ կեսօրից հետո մետրոպոլիտենը հայտարարել է եւս 20 կայարանի փակման մասին։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս որոշումն ընդունվել է «բռնկումը կանխելու եւ վերահսկելու նպատակով»։
Պեկինի մետրոն գործում է 1971 թվականից։ Դրա գծերի երկարությունը 783 կմ է։ Պեկինի մետրոյում կա ընդհանուր 459 կայարան (այդ թվում՝ 72-ը՝ գնացքափոխի հնարավորությամբ)։ Մետրոն օրական միջինում մոտ 12.5 միլիոն ուղեւոր է տեղափոխում:
Ապրիլի 22-ից Պեկինում գրանցվել է COVID-19-ով վարակման առնվազն 453 դեպք։