Կարմիրբերետավորները քաշքշելով բերման ենթարկեցին Հովհաննես Հարությունյանին և մյուս ցուցարարներին
Կարմիրբերետավորները Երեւանի բժշկական համալսարանի մոտից քաշքշելով բերման ենթարկեցին «Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանին եւ մյուս ցուցարարներին:
Երիտասարդները սկսեցին վանկարկել՝ «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Երիտասարդ աղջիկներից մեկը դրոշի կոթով սկսեց հարվածել ոստիկանական մեքենային: Ոստիկանները դուրս եկան եւ խլեցին դրոշը: Այն ցուցարարները, որոնք բերման ենթարկվելիս դիմադրում էին, ոստիկանները մի քանի հոգով էին վերցնում ու հորիզոնական դիրքով տանում դեպի մեքենան:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ:
Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։