ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածում է օպերատորին
Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, որը նկարում էր իրեն: Սկզբում նա ձեռքով հրեց միկրոֆոնը՝ ասելով, որ հեռախոսով է խոսում: Ավելի ուշ նրան ուղեկցող մի երիտասարդ եւս հրեց օպերատորին, ապա քաշքշեցին ու ոտքով հարվածեցին օպերատորին:
Հարցին, թե ինչո՞ւ եք հարվածում, Սարգիս Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրավունք ունի, ասում ա՝ մի նկարի, խոսում եմ»:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։