Մարտին Երևանում ավելի քան 1000 բնակարան է վաճառվել
Չափազանցություն չի լինի ասել, որ աշխարհն Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմական օպերացիայի» մեկնարկից հետո արմատապես փոխվել է։ Բոլորը գիտեն, որ Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ կայուն աճող առճակատումն արդեն իսկ մի շարք լուրջ քաղաքական եւ տնտեսական հետեւանքների է հանգեցրել:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա մենք արդեն արձանագրել ենք այդ գլոբալ բախումների առաջին նշանները։ Այդպես, մարտին, փետրվարի համեմատ, արդյունաբերության ֆիզիկական ծավալը նվազել է 1.3 տոկոսով, արտահանումը` 12.2 տոկոսով, իսկ ներմուծումը` 9.8 տոկոսով։ Հիշեցնենք, որ նախորդ տարի լրիվ հակառակ պատկերն էր՝ համապատասխանաբար 9.1 տոկոս, 10.0 տոկոս եւ 13.9 տոկոս աճ։
Բայց, դատելով պաշտոնական տվյալներից, գլոբալ փոփոխություններն առայժմ շրջանցել են անշարժ գույքի ներքին շուկան։ Սակայն այստեղ անհրաժեշտ է մի նյուանս հաշվի առնել: Մի բան է, երբ քաղաքացիները հիփոթեքով բնակարան են գնում նորակառույց շենքում՝ իրենց կենսական պայմանները բարելավելու համար։ Ուրիշ բան, երբ մարդիկ իրենց տներն էժան վաճառում են փող չունենալու պատճառով կամ՝ արտագաղթելով Հայաստանից։ Վաղուց արդեն «գնորդի» նոր տեսակ է հայտնվել՝ բնակարանների «կոլեկցիոներներ»։ Մեծ գումարներ ունեցողները, այլ կիրառում դրանց չգտնելով, մեկը մյուսի հետեւից բնակարաններ են գնում։ Դե, իսկ հետո վարձով են տալիս։ Մայրաքաղաքի բրոքերներից մեկի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր մոտ մեկ տասնյակ բնակարաններ ունեն:
Այնպես որ բնակարանների վաճառքի աճը դժվար է որպես միանշանակ եւ լեռիվ դրական միտում ընկալել: Նշենք, որ մարտին Երեւանում իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 1090 գործարք։ Ինչպես երեւում է ստորեւ ներկայացված գրաֆիկից, ամսվա այս ցուցանիշն ամենեւին էլ ռեկորդային չէ:
Տուն գնել կամ վաճառելը սովորաբար երկար գործընթաց է: Հաշվի առնելով ժամանակային lagy՝ մարտին իրականացված բնակարանների առքուվաճառքի գործարքների մի մասը նախապատրաստվել է նախորդ ամիսներին։ Ուստի վերջին ժամանակների բացասական արտաքին գործոնները դեռ չեն հասցրել ազդել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Դրանց հնարավոր ազդեցությունը կդրսեւորվի առաջիկա ամիսներին։
Շատերի մոտ հարց կառաջանա՝ արդյո՞ք բնակարանների վաճառքի այս աճը կապված է Ռուսաստանից եւ Ուկրաինայից, ինչպես նաեւ Բելառուսից տասնյակ հազարավոր այցելուների հոսքի հետ։ Նրանցից ոմանք պարզապես «հանգիստ տեղ» են գտել եւ այստեղ սպասում են պատերազմի ավարտին։ Բայց, կան բազմաթիվ մասնագետներ (հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում), ովքեր մտադիր են այստեղ շարունակել իրենց աշխատանքն արտասահմանյան ընկերությունների հետ։ Արդյոք նրանք երկար կմնան Հայաստանում, թե՞ տարանցիկ ճանապարհով կգնան այլ երկրներ (կամ գուցե կվերադառնան հայրենիք)՝ կախված է իրենց տարածաշրջանում իրավիճակից։
Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիները հազվադեպ չեն։ Անցյալ տարի, օրինակ, նրանք այստեղ 724 բնակարան են գնել, վաճառել են 1279 բնակարան։ Մարտին ՌԴ քաղաքացիները Հայաստանում գնել են 39 բնակարան եւ վաճառել 94 բնակարան։ Մեկ ամիս առաջ, այսինքն՝ մինչ վերը նշված իրադարձությունները, ռուսները Հայաստանում գնել են 28 բնակարան եւ վաճառել 72 բնակարան։ Ամսական գնումների քանակի տեղաշարժն աննշան է եւ կապված է սպառողների պահանջարկի սեզոնայնության հետ։ Այնպես որ Ռուսաստանի քաղաքացիների կողմից մեր երկրում բնակարանների զանգվածային գնման մասին վարկածը որեւէ հիմք չունի։ Առնվազն՝ մարտ ամսվա համար։ Այցելուները նախընտրում են վարձել բնակարանները Հայաստանում՝ մեր երկրում իրենց մնալը ժամանակավոր համարելով։
Ամփոփելով՝ նշենք, որ արտաքին գործոններն արդեն ազդում են Հայաստանի վրա։ Դոլարի փոխարժեքը մարտին գրեթե 498 դրամ է կազմել, իսկ ապրիլին նկատելիորեն ընկել է՝ մինչեւ 471 դրամ։ Դոլարի փոխարժեքի անկայունությունն իր հետեւանքները կունենա մեր երկրի տնտեսության բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ անշարժ գույքի շուկայում։
Դոլարով խոշոր կապիտալներ ունեցողները, վախենալով այս համաշխարհային արժույթի փոխարժեքի հետագա թուլացումից եւ անկանխատեսելիությունից, կարող են «ներդրումներ» անել անշարժ գույքի մեջ։ Այդ թվում՝ բնակարաններ եւ սեփական տներ գնելով։ Այս դեպքում շուկան կարձագանքի թանկացումներով։
Բնակարանների 1 քմ-ի մարտ ամսվա միջին շուկայական գները ներկայացված են ստորեւ բերված աղյուսակում։ Նշենք, որ մեր որոշ քաղաքացիներ չեն վստահում պաշտոնական վիճակագրության թվերին՝ դրանք էջեցված համարելով: