ԱՄՆ-ն կասկածի տակ է դրել ռուսական էներգետիկայի նկատմամբ եվրոպական էմբարգոյի արդյունավետությունը
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կասկածի տակ է դրել ռուսական նավթի եւ գազի ներմուծման եվրոպական արգելքի արդյունավետությունը՝ նախազգուշացնելով, որ դա կարող է անցանկալի տնտեսական հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի եւ նրա արեւմտյան դաշնակիցների համար, հայտնում է Fox News-ը։
Յելենը նախազգուշացրել է, որ ռուսական էներգիայի նկատմամբ լիակատար էմբարգոն կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ բերել: «Եվրոպան ակնհայտորեն պետք է նվազեցնի իր կախվածությունը ՌԴ-ից էներգակիրների մասով, բայց մենք պետք է զգույշ լինենք, երբ խոսքը, ասենք, նավթի ներկրման եվրոպական ամբողջական արգելքի մասին է», - ասել է Յելենը:
Յելենը պնդում է, որ եթե ԵՄ-ն շարունակի Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն աստիճանաբար դադարեցնելու իր պլանը, եվրոպական երկրները գրեթե անկասկած կկանգնեն նավթի, ածուխի եւ գազի շատ ավելի բարձր գների առջեւ:
«Դա ակնհայտորեն կբարձրացնի նավթի համաշխարհային գները, կործանարար ազդեցություն կունենա Եվրոպայի եւ աշխարհի այլ մասերի վրա եւ, ի հեճուկս ողջամտության, իրականում կարող է շատ փոքր բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, քանի որ թեեւ Ռուսաստանը կարող է ավելի քիչ արտահանել, բայց նրա շահույթն արտահանումից կարող է ավելանալ»,- ասել է Յելենը։