ՄԻՊ-ն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներ դատավոր Բյորն Լինդենին և իրավական հարցերով խորհրդական Լյուդվիգ Բեկինգին։
Պաշտպան Գրիգորյանը ողջունել է միջազգային գործընկերներին և ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպնության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի Սահմանադրական մանդատի ընձեռած անկախության երաշխիքները և ինստիտուտի նկատմամբ հանրային բարձր վստահությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր նպաստը բերել Շվեդիայի զարգացման միջազգային գործակալության ֆինանսավորմամբ մեկնարկող ծրագրին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն իրազեկվածության, դատարանների և լրատվամիջոցների արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացմանը միտված ծրագրի գործնական քայլերը, որի նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Հաջորդիվ, պաշտպան Գրիգորյանն իր դիտարկումներն է ներկայացրել գործընկերներին դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգի, միասնական վիճակագրության բացակայության, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի ընթացակարգերի վերաբերյալ։
Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է նաև դիտարկել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազների և դատավորների ներգրավմամբ համատեղ վերապատրաստումների հնարավորությունը՝ որպես որոշ տեսակի գործերով քննության արդյունավետության երաշխիք։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկնարկող ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։