«Մեր շենքից 1 մետր հեռավորության վրա շենք են կառուցում». Նորաշեն թաղամասի բնակիչները բողոքում են
Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչները դեմ են, որ իրենց շենքի բակային տարածքում այլ շենք կառուցվի։ NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Անի Դավթյանը պատմեց, որ Երեւանի քաղաքապետարանը կառուցապատող Արմեն Աֆթանդիլյանին տվել է շինթույլտվություն՝ նշված տարածքում շենք կառուցելու համար։
Երեկ՝ ապրիլի 20-ին, բնակիչները թույլ չեն տվել, որպեսզի շենքի բակի տարածքը փակվի, այնուհետեւ զանգահարել են քաղաքապետարան, որտեղից էլ ասել են, որ շենքի կառուցումը համապատասխանում է նորմերին։
Անի Դավթյանն ասաց, որ այդ շենքի կառուցման դեպքում իրենց բակային տարածքն են փակում, հնարավոր է, որ նույնիսկ ավտոմեքենաները չկարողանան մուտք գործել բակ.
«Օրինակ՝ եթե հրշեջ-ծառայության մեքենա գա, չի կարող անցնել այդ տարածքով։ Երկու շենքի պատուհաններին էլ նայող պատուհաններ են լինելու. այսինքն՝ ինքը երկու շենքերի արանքում է ու կողքերի պատուհաններն էլ նայում են այդ շենքի պատուհաններին։ Մեկ մետր հեռավորության վրա շենք են կառուցում։ Շինհրապարակ են սարքում ճանապարհի հենց մեջտեղով։ Մեր խնդիրն այն է, որ բակային տարածքը չփակեն, հետո գոնե շենքի չափսերը փոքրացնեն, որ հարեւան երկու շենքերի լույսին չխոչընդոտի։ Մարդիկ 120 հազար դոլար տվել, բնակարան են գնել, մտածելով, որ 3 սենյակից պիտի լույս գա, բայց երկուսը փակվում է։ Շենքի բակային տարածքի ուղիղ կեսից ավելին չի լինելու։ Մկան ծակի նման ինչ-որ տարածք են թողել, ասում են՝ ըտեղից մտեք ձեր շենք, դուրս եկեք։ Վերջին շրջանում սեյսմիկ անկայունություն ավելի հաճախակի է դարձել։ Մի քանի անգամ երկրաշարժի ժամանակ խուճապահար դուրս ենք եկել, բայց անգամ այս տարածքը մեզ չի հերիքել, ի՞նչ կլինի, եթե այս տարածքն էլ են շինհրապարակ սարքում»։
Բնակչի խոսքով՝ դատական հայց են ներկայացնելու կառուցապատման որոշման դեմ. «Մենք մինչեւ դատարան էլ կգնանք։ Մենք հայց կներկայացնենք, որ մի հատ վերանայեն չափսերը եւ բակային տարածքին չկպնեն»։