Ալիևը դժգոհել է Հայաստանի դանդաղկոտությունից հաղորդակցությունների բացմանը նախապատրաստվելու հարցում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհ է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ընդունելության ժամանակ, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Հայաստանի վարչապետը նաեւ բացեիբաց պատմել է կարգավորման գործընթացի եւ Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների ընդունման մասին։ Դա իսկապես գործընթացի եւս մի շրջադարձային կետ է: Կարծում եմ՝ դրանք դրական մեկնաբանություններ են։ Հիմա երկուստեք այս պաշտոնական հայտարարությունից հետո մենք պետք է մտադրությունների լրջությունը բանակցային սեղանի շուրջ ապացուցենք։ Այստեղ մենք մեծապես ապավինում ենք Եվրամիության եւ մասնավորապես՝ նախագահ Շառլ Միշելի ջանքերին, ով արդեն խորապես ներգրավված է գործընթացում։ Նա արդեն շատ լավ ծանոթ է գործընթացին։ Կարծում եմ՝ դա շատ հուսադրող մթնոլորտ է ստեղծում հաջող բանակցությունների համար։ Այդպես, այսօր մենք ավելի մանրամասն կքննարկենք դա: Պարզապես, մեր դիրքորոշման համաձայն, ես կցանկանայի մեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել Բրյուսելում տեղի ունեցածի եւ ապրիլի 6-ից հետո իրադարձությունների առնչությամբ»,- ասել է Ալիեւը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հաղորդակցությունների բացման հարցին։ «Հայկական կողմի հետ պարզաբանում պահանջող հարցերից մեկն Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցության հարցն է։ Նկատի ունեմ ե՛ւ երկաթուղին, ե՛ւ ավտոճանապարհը։ Որովհետեւ երկաթուղու մասով ես նախագահ Միշելին տեղեկացրել եմ, որ 100 կիլոմետրից մենք արդեն կառուցել ենք երկաթուղու 60 կմ հատվածն Ադրբեջանի տարածքում եւ հաջորդ տարի կավարտենք շինարարությունը։ Բայց, ցավոք, Հայաստանում այդպես էլ այդ աշխատանքի տեխնիկատնտեսական հիմնավորմանը չեն անցել, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը կարող է ձգձգվել»,- ասել է Ալիեւը։