Ռումբի ահազանգեր «Ռոսիա Մոլ»-ում և «Մետրոնոմ. Տարհանվել են քաղաքացիներ, երրորդ ահազանգն էլ «Մեգամոլ»-ից
Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Բժշկական ապահովման վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
«Մետրոնոմ»-ից տարհանվել է շուրջ 500 քաղաքացի:
Նշենք, որ ապրիլի 8-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել նաև, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու:
Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում ևս պայթուցիկ սարք է տեղադրված:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են տարահանման աշխատանքներ:
Նշենք, որ քիչ առաջ մեկ այլ հաղորդագրությամբ ԱԻՆ-ից տեղեկացրին, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում և «Ռոսիա մոլ»-ի տարածքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: