Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։
Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։
Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում:
Հուշահամալիրը ապահովված չէ դրենաժային համակարգով, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը, որն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:
Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը։
Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025 թ. կեսից:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: