ՄԱԿ Գլխավոր ասամբլեան դադարեցրել է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հինգշաբթի դադարեցրել է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ «Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման միջոցով մարդու իրավունքների կոպիտ եւ համակարգված խախտումների եւ ոտնահարումների մասին» հաղորդումների պատճառով, հայտնում է Reuters-ը։
Որոշմանը կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58։ Ռուսաստանի դուրս մնալու համար անհրաժեշտ է խորհրդի 47 անդամների ձայների երկու երրորդը. ձեռնպահները չեն հաշվվում։
Հայաստանն ու Ադրբեջանը չեն մասնակցել քվեարկությանը, Իրանը դեմ է քվեարկել, Վրաստանն ու Թուրքիան՝ կողմ։
Բանաձեւի նախագիծը «լուրջ մտահոգություն է հայտնում Ուկրաինայում շարունակվող մարդու իրավունքների եւ հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, հատկապես՝ կապված Ռուսաստանի կողմից իրավունքների խախտման մասին հաղորդումների հետ»։
Ռուսաստանը Խորհրդի ամենաակտիվ անդամներից է, եւ, ըստ պաշտոնատար անձանց, հեռացումը զրկում է նրան հանդես գալու եւ քվեարկելու հնարավորությունից, թեեւ նրա դիվանագետները դեռ կարող են մասնակցել բանավեճերին, նշում է լրատվական գործակալությունը: