Ռուսաստանի Դաշնության իրական դեֆոլտը հիմքեր չունի․ Պեսկով
Արտաքին պարտքի սպասարկման պարտավորությունների կատարման շրջանակում Ռուսաստանի Դաշնության իրական դեֆոլտը հիմքեր չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Интерфакс»-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ իր պարտքերը սպասարկելու համար։ «Դուք գիտեք, որ մեր պահուստների զգալի մասն արգելափակված է արտասահմանում, հետեւաբար, եթե այս արգելափակումը շարունակվի, եւ պարտքի սպասարկման փոխանցումները նույնպես արգելափակվեն, դրանք կարող են վճարվել ռուբլով։ Եթե դա հնարավոր չէ, ապա տեսականորեն, իհարկե, կարելի է կազմակերպել ինչ-որ դեֆոլտային իրավիճակ, բայց դա կլինի արհեստական դեֆոլտ։ Իրական դեֆոլտի հիմքեր չկան»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն ստիպել Մոսկվային ընտրություն կատարել դեֆոլտի եւ դոլարի պաշարների սպառման միջեւ։