ԵՏՀ Խորհուրդը ԵԱՏՄ միասնական շուկայի՝ սոցիալապես նշանակալի ապրանքներով հագեցման միջոցառումների փաթեթ է ընդունել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկան սոցիալապես նշանակալի ապրանքներով հագեցմանն ուղղված միջոցառումների լրացուցիչ փաթեթ է ընդունել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը զրոյացնել 938 ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, իսկ առանձին ապրանքատեսակների համար զրոյացման որոշումը կկայացվի ԵՏՀ Կոլեգիայի կողմից մոտ ապագայում։ Այս միջոցները թույլ կտան ապահովել ապրանքների անխափան մատակարարումը [Եվրասիական տնտեսական] միության ներքին շուկա»,- ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչեւը։
Զրոյացված դիրքերի ներմուծման ծավալը տարեկան 31 միլիարդ դոլար է գնահատվում, ներկրողները 6 ամսվա ընթացքում կարող են մոտ 800 միլիոն դոլար խնայել, եթե ապրանքների ներմուծման ծավալը մնա 2021 թվականի մակարդակում։ Բացի այդ, 150 ապրանքատեսակների համար կշարունակի գործել սակագնային արտոնությունը՝ այդ ապրանքներն ազատելով ներմուծման մաքսատուրքից։ Արտոնություններ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթեր ներկայացնել, որոնք հաստատում են ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը, հստակեցրել է Իլյիչեւը։
ԵՏՀ Խորհուրդը նաեւ որոշել է կրճատել արտոնյալ ապրանքների մաքսային հսկողության ժամկետը եւ պարզեցնել ներմուծվող ապրանքների ծագման հաստատման ընթացակարգը՝ դրանց ծագման երկրի որոշման ոչ արտոնյալ կանոնների շրջանակում, ասվում է մամուլի հաղորդագրությունում։ ԵԱՏՄ երկրները նաեւ համաձայնություն են ձեռք բերել պարզեցված ազգային կանոններով ավտոմեքենաների արտադրության հնարավորության վերաբերյալ։ ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգից համապատասխան բացառությունները կգործեն մինչեւ 2023 թ. փետրվարի 1-ը, հայտնել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունից։