ԱՊՀ երկրները մտադիր են մայիսին քննարկել արևմտյան պատժամիջոցների ազդեցության չեզոքացման հարցը
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են մայիսին քննարկել համատեղ միջոցառումները, որոնք նվազագույնի կհասցնեն արեւմտյան պատժամիջոցների ազդեցությունը տնտեսությունների վրա։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական կողմի խնդրանքով կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստին, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով մայիսի 20-ին, առաջարկվում է բարձրացնել պատժամիջոցների ճնշման տակ գտնվող ԱՊՀ երկրների տնտեսությունների աշխատանքին ուղղված համատեղ գործողությունների հարցը»,- ասել է Անֆիմովը:
Նրա խոսքով՝ խնդիր է դրված ընդհանուր մոտեցումներ մշակել՝ պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, որոնք տարածվել են ինչպես Բելառուսի, այնպես էլ Ռուսաստանի վրա, քանի որ դրանք կազդեն «Համագործակցության բոլոր երկրների տնտեսությունների արդյունավետության վրա»։
Անֆիմովը կարծում է, որ ԱՊՀ երկրները պետք է համատեղ դիմադրեն «արեւմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությանը»։ Մասնավորապես՝ իրականացնել համատեղ նախագծեր, արագացնել ավելի վաղ նախատեսված ներդրումային ու ինովացիոն նախագծերը, երբ տնտեսություններն աշխատում էին «նորմալ պայմաններում»։
«Այդ նախագծերը պետք է ակտիվացվեն՝ ԱՊՀ երկրների ընդհանուր տնտեսության ներմուծման բաղադրիչից կախվածությունը նվազեցնելու համար»,- ասել է նա։
Նա մատնանշել է, որ հեռանկարային են բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, մեքենաշինության ոլորտում նախագծերը։