Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ամեն դեպքում անհրաժեշտ է․ Պեսկով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անձնական վիրավորանքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին բացասաբար են անդրադառնում երկու երկրների հարաբերությունների վրա, սակայն Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունն ամեն դեպքում անհրաժեշտ է։ Դա բխում է ողջ աշխարհի շահերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Անձնական վիրավորանքները չեն կարող իրենց հետքը չթողնել պետությունների ղեկավարների հարաբերությունների վրա, այն էլ անձնական վիրավորանքները, որոնք ընդհանրապես չպետք է տեղ ունենային պետության ղեկավարի հռետորաբանության մեջ։ Սա, իհարկե, բացասական ազդեցություն ունեցող գործոն է»,- ասել է Պեսկովը։
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունն ամեն դեպքում անհրաժեշտ է։ Դա բխում է ողջ աշխարհի շահերից։ Վաղ թե ուշ պետք է խոսել կայունության, անվտանգության մասին եւ այլն»,- հավելել է նա։