Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպումից. Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները կվերսկսվեն «այսօր կամ վաղը» Ստամբուլում
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները կվերսկսվեն «այսօր կամ վաղը» Ստամբուլում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սերբական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իզուր չէ, որ հենց ուկրաինական կողմը, մեր հատուկ ռազմական օպերացիայից մեկնարկից հետո, առաջարկեց բանակցություններ սկսել, մենք համաձայնեցինք։ Այդ բանակցությունները շարունակվել են եւ դեռ շարունակվում են։ Դրանք կվերսկսվեն բառացիորեն այսօր կամ վաղը Ստամբուլում արդեն դեմ առ դեմ՝ մի շարք տեսակոնֆերանսներից հետո»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլի հաջողությամբ։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը քաջ տեղյակ է բանակցություններ իմիտացնելու Ուկրաինայի կարողության մասին, սակայն այս անգամ այդ կերպ պրծնել չի լինի:
Լավրովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից, սակայն կարեւոր է, որ այդ հանդիպումը լավ նախապատրաստված լինի։
«Նախագահ Պուտինը բազմիցս մեկնաբանել է այս թեման եւ վերջերս կրկին վերադարձել է դրան՝ պատասխանելով իր օտարերկրյա գործընկերների հարցերին, որոնց հետ նա կանոնավոր երկխոսություն է վարում, այդ թվում՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ։ Նա ասել է, որ երբեք չի հրաժարվել նախագահ Զելենսկու հետ հանդիպումից, միակ բանը, ինչը նա սկզբունքորեն կարեւոր է համարում, դա այն է, որպեսզի այդ հանդիպումները լավ նախապատրաստված լինեն»,- ասել է նախարարը։
Լավրովը հավելել է, որ այժմ «իրավիճակն այսպիսին է, եւ այս ճգնաժամային իրավիճակն Ուկրաինայում, ներուկրաինական հակամարտությունն այնքան երկար է հասունացել՝ այս ամբողջ տարիների ընթացքում, որ հսկայական թվով խնդիրներ են կուտակվել, ուստի պարզապես հանդիպել եւ մտքերով փոխանակվել՝ «այ դու ինչ ես մտածում, ես ինչ եմ մտածում», դա հիմա պարզապես հակաարդյունավետ կլինի»: