Իրանը եւ համաշխարհային տերությունները շատ մոտ են միջուկային գործարքը վերսկսելու համաձայնագրին․ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը շաբաթ օրը Doha Forum միջազգային համաժողովում ելույթի ժամանակ ասել է, որ Իրանը եւ համաշխարհային տերությունները շատ մոտ են 2015թ․ միջուկային գործարքը վերսկսելու համաձայնագրին, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նույնպես հայտարարել էր, որ միջուկային բանակցությունները մոտ են ավարտին։
Նա ասել էր, որ Իրանը բանակցություններում նախաձեռնություններ է առաջ քաշել՝ ելնելով սեփական ժողովրդի շահերից, եւ համաձայնության հասնելը պահանջում է, որ արեւմտյան երկրներն արձագանքեն այդ նախաձեռնություններին «լուրջ մտադրություններով»։
2015թ․ հուլիսին Իրանը ԳՀՀԾ-ի հարցում պայմանավորվածության էր հասել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Գերմանիայի հետ: 2018թ․ մայիսին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս էր եկել միջուկային գործարքից, այնուհետեւ վերականգնել էր այն եւ նույնիսկ նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ։ 2019թ․ մայիսից Իրանը աստիճանաբար դադարեցնում է ԳՀՀԾ-ի որոշ հոդվածների կատարումը, սակայն խոստացել է, որ ձեռնարկված քայլերը «շրջելի» կլինեն։
Իրանի միջուկային համաձայնագրի կողմերը 2021թ․ ապրիլին բանակցություններ են սկսել Վիեննայում՝ ԱՄՆ-ին եւ Իրանին պայմանավորվածություններին վերադարձնելու համար: ԱՄՆ-ն անուղղակիորեն մասնակցել է բանակցություններին։ Բանակցությունների 8-րդ փուլը մեկնարկել է 2021թ․ դեկտեմբերի 27-ին՝ Ավստրիայի մայրաքաղաքում։ Այս տարվա մարտի 11-ին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է բանակցությունների դադարեցման մասին՝ «արտաքին գործոնների» պատճառով։