Ինչ հետևանքներ կունենա ՌԴ իրավիճակը Հայաստանի վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է արել Հայաստանի շուրջ սպասվող զարգացումների մասով: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները:
Մասնավորապես, Հայաստանի համար ռիսկային է այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, այդուհանդերձ, երկիրը, ըստ Fitch-ի, առաջիկայում վճարունակության խնդիրներ չի ունենա։ Նկատենք, որ 2021 թվականի դրությամբ Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ապրանքների արտահանման 28%-ը, ներմուծման 37%-ը, զբոսաշրջային հոսքերի, օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ դրամական փոխանցումների 40%-ը:
Նաեւ կանխատեսվում է, որ տրանսֆերտների՝ դրամական փոխանցումների սպասվող կրճատմանը զուգահեռ՝ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից սպառումը կկրճատվի՝ բացասաբար ազդելով տնտեսական աճի վրա։ Ըստ նրանց՝ 2022 թվականին գնաճը Հայաստանում կկազմի միջինում 8.5%, որը բարձր է Կենտրոնական բանկի նախանշած թիրախից՝ 4% +/- 1.5%-ից։
Իսկ 2023 թվականի համար գործակալությունը կանխատեսում է 5% գնաճ։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 6.5%, հունվարին՝ 7.1%»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: