Ֆրանսիան սառեցրել է ՌԴ ԿԲ-ի 22 մլրդ եվրոյի ակտիվները եւ ռուսաստանցի միլիարդատերերի 1 մլրդ եվրոյի գույքը
Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը մարտի 20-ին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի 22 մլդ եվրոյի ակտիվները, ինչպես նաեւ ռուսաստանցի միլիարդատերերի 850 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքը, հաշիվներն ու զբոսանավերը։ Ֆինանսների նախարարությունում աշխատում է նպատակային խումբ, որը զբաղվում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ակտիվների հայտնաբերմամբ, տեղեկացրել է RFI-ը։
Մարտի սկզբին Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունում սկսել է գործել նպատակային խումբ, որը պարզելու է եվրոպական պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ակտիվները։ Խմբի մեջ են ֆինանսական հետախուզության (Tracfin) գործակալները։
Այդ ժամանակվանից Ֆրանսիայում սառեցվել են 850 մլրդ եվրոյի ակտիվներ, մարտի 20-ին RTL ռադիոկայանի, Le Figaro թերթի եւ LCI հեռուստաալիքի հարցազրույցում տեղեկացրել է Բրյունո լը Մերը։
«Մենք ֆրանսիական հաստատություններում սառեցրել ենք մասնավոր անձանց 150 մլն եվրո»,- ասել է նախարարը։ Ըստ նրա՝ սառեցված անշարժ գույքի արժեքը կազմել է 539 մլն եվրո, խոսքը ռուսաստանցիների մոտավորապես 30 տների եւ բնակարանների մասին է։ Բացի այդ, Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են 150 մլն եվրո արժողությամբ երկու զբոսանավ։
Նա պարզաբանել է, որ խոսքը բռնագանձման մասին չէ, «երբ Ֆրանսիայի պետությունը դառնում է ռուսաստանցի օլիգարխների գույքի տերը»։ Սառեցումը նշանակում է, որ սեփականատերերը այլեւս չեն կարող օգտվել Ֆրանսիայում ձեռք բերած անշարժ գույքից եւ զբոսանավերից, չեն կարող վաճառել կամ փողի վերածել դրանք։