Վիեննայի բանակցություններում Թեհրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Իրանի էկոնոմիկայի նախարար
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի։ Այդ մասին ասված է Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզիի՝ Financial Times-ում հրապարակված հոդվածում:
«Վիեննայում ընթացող բանակցությունները կարող են դրական տնտեսական արդյունքներ ունենալ Իրանի համար, մասնավորապես՝ բանկային հատվածում և արժութային փոխանակումներում։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ հոռետեսական կամ այլ»,- կարծում է իրանցի նախարարը։
Նա նշել է, որ դեռ չգիտե, թե ինչպիսին կլինի Իրանի և «4+1» ձևաչափի միջև Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունների արդյունքը։
«Այնուամենայնիվ, մենք պետք է զգուշորեն մոտենանք մեր հաջորդ բյուջեին, որպեսզի տնտեսությունը չտուժի»,- գրել է Խանդուզին: