Ըստ 2022թ. Երջանկության համաշխարհային զեկույցի՝ Հայաստանն 82-րդն է աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում
Հայաստանն, ըստ 2022թ. Երջանկության համաշխարհային զեկույցի, աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ տեղը, անցած տարի 86-րդ տեղում էր։ Վրաստանը զբաղեցրել է 105-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Թուրքիան՝ 112-րդ տեղը։
Ֆինլանդիան հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը։ Այս տարի նրա գնահատականը զգալիորեն առաջ է անցել առաջին տասնյակի մյուս երկրների գնահատականներից։ Դանիան շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը, Իսլանդիան 4-րդից բարձրացել է 3-րդ տեղ։ Շվեյցարիան զբաղեցնում է 4-րդ տեղը, նրան հաջորդում են Նիդեռլանդները եւ Լյուքսեմբուրգը։ Առաջին տասնյակը եզրափակում են Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը եւ Նոր Զելանդիան։ Հաջորդ հինգ երկրներն են Ավստրիան, Ավստրալիան, Իռլանդիան, Գերմանիան եւ Կանադան՝ նշված հերթականությամբ։
Մնացած քսանյակում տեղ են գտել ԱՄՆ-ը (16-րդ տեղ, անցած տարի՝ 19-րդ), Մեծ Բրիտանիան եւ Չեխիան՝ 17 եւ 18-րդ տեղեր, այնուհետեւ Բելգիան է՝ 19-րդ, եւ Ֆրանսիան՝ 20-րդ տեղեր։
Ռուսաստանն այս վարկանիշում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը (անցած տարի 60-րդն էր)։ Հետազոտությունն ընդգրկել է 150 պետություն։
Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է 2012-ից։ Այն կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպես բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տեւողությունը, քաղաքացիական ազատությունների պահպանումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաեւ հանրային կարծիքի հարցումերի արդյունքները։