Եթե Զելենսկին Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրի, ապա նրան կապիտուլյացիայի ակտ է սպասվում․ Լուկաշենկո
Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրի, ապա նրան կապիտուլյացիայի ակտ է սպասվում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ է մեջբերում БЕЛТА գործակալությունը։
«Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է պայմանագրի բացարձակ ընդունելի տարբերակ։ Եվ այսօր դեռ հնարավոր է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը համաձայնության գան, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրի այդ համաձայնագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Լուկաշենկոն։ «Եթե Զելենսկին Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրի, ապա նրան կապիտուլյացիայի ակտ է սպասվում»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն «այս պատերազմում չի պարտվի»։
«Ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը կավարտվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Լուկաշենկոն։
«Ես գրեթե համոզված եմ, որ մենք ստիպված չենք լինի կռվել Ուկրաինայի դեմ: Արեւմուտքը չի կարողանա մեզ ներքաշել այս հակամարտության մեջ: Մենք այնքան խելացի ենք, որ չենք ներգրավվի այս հակամարտության մեջ»,- ասել է նա։
Ընդ որում, նա հայտնել է, որ «վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինան երկու «Տոչկա-Ու» հրթիռ է արձակել Բելառուսի տարածքի ուղղությամբ»։ «Բարեբախտաբար, մեզ հաջողվեց հետ մղել դրանք։ Հետեւաբար, եթե մեզ անընդհատ սադրեն, մենք ստիպված կլինենք պատասխանել»,- ասել է Լուկաշենկոն։