«Հանուն Հադրութի». Հայաստանի իշխանությունները վախենում են ասել, որ փախստականներ կան
Ղարաբաղցի փախստականները մարտի 16-ին բողոքի ցույց անցկացրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով երաշխիքների առկայությամբ պայմաններ ստեղծել իրենց վերադարձի եւ բնականոն կյանքի համար։
«Հանուն Հադրութի» ՀԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Հայրիյանը պարզաբանեց, որ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է կյանքի համար պայմաններ ստեղծել Հայաստանում: Չնայած նրան, որ Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են «Չկան փախստականներ՝ չկան խնդիրներ» բանաձեւով, ՄԱԿ-ը, նրա խոսքով, պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերի անմարդկային պայմաններում ապրող 35 հազար ղարաբաղցի փախստականներին:
«Պատերազմի ժամանակ, կամ գիտակցաբար, կամ պարզապես չգործելով, Ադրբեջանին միացավ նաեւ մեր գլխավոր դաշնակիցը եւ տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը՝ Ռուսաստանը։ Ռուսաստանի իշխանությունների հրահանգով Հայաստանի իշխանությունները վախենում են ասել, որ փախստականներ կան»,- ընդգծեց Հայրիյանը։
Դրանից հետո ցուցարարները ցույց անցկացրեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ նամակ հանձնեցին՝ Փարիզին հերթական անգամ կոչ անելով ճանաչել Ղարաբաղի անկախությունը։
Այնուհետեւ ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան շենքի մոտ, որի ընթացքում փախստականները խնդրեցին ռուս խաղաղապահներին անցակետ սահմանել Քարին տակ-Շուշի ճանապարհին՝ Ադրբեջանի կողմից Շուշի զենքի տեղափոխումը եւ Ստեփանակերտի եւ Ղարաբաղի այլ բնակավայրերի նկատմամբ սպառնալիքը կանխելու համար:
Այնուհետեւ փախստականները ցույց անցկացրեցին ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ։