«Օսկար 2022»․ լավագույն դերասանուհի՝ Քիդման կամ Քրիստեն
«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը շատ քիչ ժամանակ է մնացել, ավելի ճիշտ՝ գլխավոր կինոմիջոցառումը նշանակված է մարտի 27-ին։ Սա հաշվով 94-րդ արարողությունն է: Ըստ անվանի կինոքննադատների կանխատեսումների՝ այն լի է լինելու ինտրիգներով. յուրաքանչյուր անվանակարգի համար լուրջ պայքար կծավալվի։
Մենք առանձնացրել ենք չորս ամենաքննարկվող անվանակարգերը եւ դրանք առանձին-առանձին կներկայացնենք, ինչպես նաև զերծ չենք մնա հաղթողի անունը կանխատեսելու փորձերից։
Այնպես որ, տիկնա՛յք, առա՛ջ. սկսեցինք։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգի համար կպայքարեն հինգ դերասանուհիներ: Նրանք են՝
Նիկոլ Քիդման -«Ռիկարդոյի դերում»
Ջեսիկա Չիսթեյն - «Թեմի Ֆեյի աչքերը»
Օլիվիա Քոլման - «Անծանոթ դուստր»
Պենելոպա Քրուս - «Զուգահեռ մայրեր»
Քրիստեն Ստյուարտ - «Սպենսեր»
Նրանց միջեւ ուժեղ մրցակցություն է: Մենք կարծում ենք, որ արձանիկը կվերցնի Նիկոլ Քիդմանը, որը «Լինել Ռիկարդո» կենսագրական ֆիլմում հիասքանչ կատարել է 50-ականների ամերիկյան հեռուստաաստղ Լյուսիլ Բոլի դերը։
Կինոակադեմիան բավականին զգայուն է նման թեմաների նկատմամբ, եւ դա դրական փաստ է Քիդմանի համար։ Բացի այդ, վերջերս դերասանուհին այդ նույն դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի, իսկ, ինչպես հայտնի է, այդ կինոմրցանակը համարվում է «Օսկարի» «գլխավոր» փորձը։
Քիդմանին մրցակից կարող է լինել միայն Քրիստեն Ստյուարտը։
Քչերն են համարձակվում էկրանին մարմնավորել այնպիսի պաշտամունքային անձնավորության, ինչպիսին արքայադուստր Դիանան էր։
Իհարկե, Ստյուարտին կարելի է գովաբանել նման քաջության համար, բայց ինչ-որ բան ասում է, որ դա բավական չի լինի։