Պետդեպարտամենտ. Մենք թույլ չենք տա, որ որեւէ երկիր փոխհատուցի Ռուսաստանի կորուստները
Միացյալ Նահանգները զգուշացրել է Չինաստանին, որ եթե Պեկինը որոշի աջակցություն ցուցաբերել Մոսկվային Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների պայմաններում, ապա կբախվի հետեւանքների։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի գործերով օգնական Դենիել Քրիտենբրինկը Հռոմում հանդիպել են Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչիի հետ։
«ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը եւ մեր պատվիրակությունը միանշանակ հայտարարել են մեր անհանգստության մասին՝ կապված Ռուսաստանին Չինաստանի աջակցության հետ ներխուժումից առաջ, եւ այն հետեւանքների մասին, որոնք կունենա ցանկացած նման աջակցություն ոչ միայն մեզ, այլեւ ողջ աշխարհում այլ երկրների (ներառյալ մեր դաշնակիցներն ու Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը) հետ Չինաստանի հարաբերությունների տեսակետից»,- ասել է Փրայսը։
«Մենք շատ ուշադիր հետեւում ենք, թե արդյոք Չինաստանը կամ որեւէ այլ երկիր աջակցություն ցուցաբերում է Ռուսաստանին որեւէ ձեւով՝ նյութական, տնտեսական, ֆինանսական։ Ցանկացած նման աջակցություն աշխարհում որեւէ տեղից մեզ շատ կանհանգստացնի»,- ասել է նա։ «Մենք հստակ հասկացրել ենք Պեկինին, որ անտարբեր չենք մնա։ Մենք թույլ չենք տա որեւէ երկրի՝ փոխհատուցել Ռուսաստանի կորուստները»,- տեղեկացրել է Փրայսը։
Սպիտակ տանն ասել են, որ Սալիվանը եւ Յան Ցզեչին Հռոմում հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են իրավիճակն Ուկրաինայի շուրջ։
«Հանդիպումը նոյեմբերի 15-ին նախագահ Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի վիրտուալ հանդիպման շարունակությունն էր։ Սալիվանը բարձրացրել է ամերիկա-չինական հարաբերությունների վերաբերյալ հարցերի շարք՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին հիմնավոր բանավեճերով։ Նրանք քննարկել են նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ բաց գծերի կարեւորության հարցը»,- նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունում։