Մակրոնը խոստովանել է, որ եվրոպական տնտեսությունները կարող են վնաս կրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են սահմանել նոր պատժամիջոցներ, բոլոր տարբերակները քննարկվում են, հաղորդում է Reuters-ը:
«Մեր առաջնային նպատակն, իհարկե, խաղաղությունն է՝ սկսած հրադադարից, որին կհաջորդի ռուսական զորքերի արագ դուրսբերումը: Եւ հենց այդ պատճառով մենք շարունակում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ինչպես նաեւ շատ պահանջատիրական երկխոսություն ենք վարում»,-հավելել է նա:
Մակրոնը խոստովանել է, որ եվրոպական տնտեսությունները կարող են վնաս կրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, եւ ազգային կառավարությունները չեն կարող ինքնուրույն հաղթահարել գնաճի բոլոր հետեւանքները:
«Մենք ունենք միջոցներ, որպեսզի մարենք պատժամիջոցների հետեւանքով առաջացած ծախսերն ու պաշտպանենք մեր տնտեսությունը»,-հայտարարել է Մակրոնը: Սակայն նա ընդգծել է, որ էներգակիրների գների թանկացումից սպառողներին պաշտպանելու համար կառավարության ձեռնարկած միջոցներն ունեն ժամանակավոր բնույթ եւ չեն կարող հաղթահարել ինֆլյացիոն ողջ ցնցումը, որի հետ կբախվեն սպառողները:
Մակրոնը հավաստիացրել է, որ Եվրոպան բաց է ուկրաինացիների համար՝ հավելելով, որ Ուկրաինան «եվրոպական ընտանիքի անդամ է»: «Նրանց համար բաց է ճանապարհը դեպի մեր Եվրոպա»,-ասել է նա՝ հավելելով, որ Եվրոպան կօգնի Ուկրաինային վերականգնել այն, ինչը Ռուսաստանն ավիրել է պատերազմի ժամանակ:
«Մենք պայմանավորվել են տրամադրել ոչ միայն հումանիտար օգնություն, այլ նաեւ զենք, եւ այսօր մենք առաջարկում ենք շուրջ 500 միլիոն եվրո այդ ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար»: