ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի՝ վերահսկվող շրջանների քարտեզը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է Ուկրաինայի հարավային տարածքների ճշգրիտ քարտեզը Մարիուպոլի շրջանում, որտեղ Վոլնովախա քաղաքն անցել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և ժողովրդական աշխարհազորի վերահսկողության տակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Քարտեզից երևում է, որ ուկրաինացի զինվորականներն ամբողջությամբ կորցրել են Վոլնովախա բնակավայրը։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հասել են Նովոդոնեցկոե-Նովոմայսկոյե-Եգորովկա բնակավայրերի գիծ:
Բլագոդատնոեի շրջանում ցուցադրված են ուկրաինական զորքերի ստորաբաժանումները, որոնք ընկել են շրջապատման մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։