Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Անթալիայում մեկնարկել է ՌԴ եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անթալիայում սկսվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ձեւաչափն «առանց փողկապների» է»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Դրանից հետո նախատեսված է ՌԴ, Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հանդիպումը։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Դմիտրի Կուլեբան Անթալիայում բանակցությունները կսկսեն Մոսկվայի ժամանակով ժամը 10.45-ին մոտ, Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն նրանց կհանդիպի ընթացակարգային լուսանկարի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են բանակցությունների կազմակերպիչները։
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ ղեկավարներ Մեւլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը, Անթալիայում։ Սա ՌԴ եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն է Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո։