Ստաս Նամին. «Որոշել եմ դառնալ ՀՀ քաղաքացի»
Հանրապետական ծննդատան վերարտադրողական առողջության բաժանմունքի վարիչ Վահան Վարդապետյանը գրել է․ Հաճելի և ցնցող մի նորություն.
Երեկ ինձ զանգահարեց իմ լավագույն բարեկամ և ընկեր Ստաս Նամինը` հայտնելով ՀՀ քաղաքացիություն ստանալու իր ցանկության մասին։
Դեռևս անցած տարվա նոյեմբերի 30-ին, իր 70-ամյակին նվիրված համերգի օրերին, գտնվելով Երևանում, խորհրդավոր և հուզված ինձ դիմեց. “Ի՞նչ կարծիքի ես, կցանկանայի լինել ՀՀ քաղաքացի, մանավանդ հիմա, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում են, ինչո՞ւ օրինակ չծառայել աշխարհի ճանաչված հայերին և առհասարակ, հիմա առավել ևս հայրենիքը կարիք ունի բոլորիս ներկայության, ծառայության ու նպաստի։ Կարծում եմ, սրանով նաև պարտավորվում ես ավելի հաճախ լինել Հայաստանում, անգամ կարճ ժամկետով ապրել քո նախնիների հայրենիքում։”
Ստաս Նամինը տեղեկացրեց նաև, որ իր այս որոշման համար հատկապես երջանիկ է ու գոհ 93-ամյա մայրը, ով միշտ ձգտել է որդուն ավելի ամուր կապված տեսնել Հայաստանի հետ։
Հայտնի մշակութային գործիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, պրոդյուսեր, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինը խորհրդային տարիներին եղել է մշակութային հեղափոխության լիդեր և որպես աշխարհում ճանաչված անհատականություն, հնարավորություն է ունեցել, բայց երբևէ չի մտածել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների քաղաքացիություն ստանալու մասին։ Այսօր իրեն բնորոշ ոչ ստանդարտ, բայց շատ խորհրդանշական ու անհրաժեշտ որոշում է կայացրել, ինչի համար շնորհավորում եմ նախ իրեն, ապա իր արժեքը, մեծությունը գնահատող մեր հայրենակիցներին։