Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու ստեղծումն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման. Բլինկեն
Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու ստեղծումն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման, իսկ ԱՄՆ-ն շահագրգռված է ուկրաինական տարածքում հակամարտության շուտափույթ ավարտով։ Այս մասին մարտի 7-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Ռիգայում ելույթ ունենալով Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մարտի 6-ին հերքել էր այն պնդումները, թե ՆԱՏՕ-ն պատրաստվում է միջամտել Ուկրաինայի հակամարտությանը։ Նա նշել է, որ ոչ մի դաշնակից մարտական ստորաբաժանումներ չի ուղարկել Ուկրաինա։
Մինչ այդ՝ մարտի 1-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայի երկինքը փակելու անհրաժեշտության մասին՝ բացատրելով, որ տեղում ուկրաինացի զինվորականները կկարողանան դիմակայել Ռուսաստանի զինված ուժերին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 4-ին հայտարարել է, որ դաշինքը Ուկրաինայում չի սահմանի ոչ թռիչքային գոտի: