Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլ ավարտվել է
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը: Այս մասին հայտնում է Բելառուսում Ռուսաստանի դեսպանատունը, փոխանցում է ТАСС-ը։
«Բելառուսում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը»,- գրել է դիվանագիտական առաքելությունը։
Բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններում հումանիտար միջանցքների հարցով դրական տեղաշարժեր կան։
Բանակցությունները կայացել են Բելառուսի Բրեստի մարզում։ Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկո, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմին, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլով և Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկի։
Ուկրաինական կողմից մասնակցում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի շրջանում, որից հետո պատվիրակությունները վերադարձել են մայրաքաղաքներ՝ քննարկելու հանդիպման արդյունքները։ Մարտի 3-ին կայացած երկրորդ բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցքներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։