Որոշ հարցերում Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալն անհնար է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ռուսական կողմը բանակցություններում բարձրացնում է հարցեր, որոնց պատասխանները վաղուց է հայտնի է և որոնցում փոխզիջումն անհնար է։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ուկրաինայի ղեկավարը, փոխանցում է Украинская правда-ն:
«Բոլոր թեմաներով մենք պատրաստ ենք խոսել, ռուսական կողմը վաղուց է ձևակերպել սեփական հարցերի պատասխանները։ Ի՞նչ իմաստ ունի հարցեր տալը, երբ արդեն ունեք պատասխանները: Սա է այս երկխոսության բարդությունը: Որովհետև կան բաներ, որոնցում պետք է ինչ-որ փոխզիջումներ գտնել, որպեսզի մարդիկ չմեռնեն, բայց կան բաներ, որոնցում փոխզիջումներ չկան։ Դե, դուք չեք կարող պարզապես հեռանալ և ասել «այո, սա ձեր երկիրն է: Այն, որ Ուկրաինան Ռուսաստանի մաս է, դա պարզապես անհնար է:
Ես կարծում եմ, որ այդ ձևակերպումները արդար են, քանի որ հակառակ կողմը պատրաստ է մեզ ոչնչացնել՝ հանուն այս հարցերի։
Այսպիսով, դրանք վավեր են մեր բանակցությունների համար, քանի որ ես ուզում եմ դադարեցնել այս պատերազմը»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։