Ղազախստանը չեզոքություն է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում
Ղազախստանը չեզոքություն է պահպանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունում եւ չի աջակցում կողմերից որեւէ մեկին, Սենատի լիագումար նիստի շրջանակներում լրագրողներին ասել է պաշտպանության փոխնախարար Սուլթան Կամալետդինովը, փոխանցում է Vlast.kz-ը։
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը ոչ մի կապ չունի Ղազախստանի հետ: Մենք կողմերից որեւէ մեկին չենք աջակցում: Այս մասով հարցեր լինել չեն կարող»,- ընդգծել է Կամալետդինովը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ղազախական զորքերը պատրաստ են երկրում ուկրաինական իրավիճակի կրկնությանը, նա նշել է, որ «այդ հարցը բոլորին է անհանգստացնում»։ «Հուսով ենք, որ զինված ուժերը, ինչպես երեկ հանդիպման ժամանակ վստահեցրեց նախարարը, պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,- հույս է հայտնել փոխնախարարը։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարել էր, որ խաղաղության եւ անվտանգության պահպանման միջազգային պարտավորությունների կատարման համար Ղազախստանի զինված ուժերի զորախումբ ուղարկելու որոշումը կայացնում է խորհրդարանը՝ երկրի նախագահի համապատասխան առաջարկի հիման վրա։ «Մինչ խորհրդարանի համապատասխան բանաձեւի ընդունումը Պաշտպանության նախարարությունը իրավասու չէ զորախումբ ուղարկել այս կամ այն պետություն։ Ղազախստանի պաշտպանության նախարարությունն այս հարցի շուրջ բանակցություններ չի վարում»,- ընդգծել են գերատեսչությունում: