ԵՄ-ն պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում նրա ռազմական օպերացիայի պատճառով, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Նրա խոսքով՝ ուրբաթ՝ մարտի 4-ին, տեղի կունենա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հատուկ նիստը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:
Շալենբերգը մանրամասնել է, որ նոր հակառուսական պատժամիջոցները կազդեն ռուս խոշոր գործարարների՝ այսպես կոչված «օլիգարխների» վրա։ Դիվանագետը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ անձանց մասին է խոսքը:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ, սակայն ստեղծված իրավիճակում աջակցում է Ուկրաինային:
Մարտի 1-ին Եվրախորհրդարանի պատգամավորները միաձայն հավանություն տվեցին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիան դատապարտող եւ Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանող բանաձեւին: Խորհրդարանականները կոչ արեցին սահմանափակել Ռուսաստանից նավթի եւ գազի ներկրումը եւ փակել բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար։ Նրանք նաեւ կոչ արեցին կրճատել դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը ԵՄ երկրներում եւ ՌԴ-ն ամբողջությամբ անջատել միջազգային SWIFT համակարգից։