Ռուսաստանյան վարձույթից ձեռք բերված ֆիլմերը կցուցադրվե՞ն Հայաստանում. Երևանի կինոթատրոնների պարզաբանումը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ամերիկյան The Walt Disney ընկերությունը դադարեցրել է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում, իսկ Warner Bros.-ը՝ հետաձգել այսօր՝ մարտի 2-ին սպասվող «Բեթմեն» ֆիլմի ցուցադրումը: ՌԴ-ում տեղի չի ունենա նաեւ «Ես կարմրում եմ» մուտֆիլմի պրեմիերան, որը նախատեսված էր մարտի 10-ին, ինչպես նաեւ՝ չեղարկվել է Ջարեդ Լետոյի գլխավոր դերակատարմամբ՝ «Մորիբուս» ֆիլմի ցուցադրությունը, որը պետք է կայանար մարտի 24-ին:
Քանի որ նշված ֆիլմերը Հայաստանի կինոթատրոնները ձեռք են բերում Ռուսաստանից, NEWS.am STYLE-ը երևանյան կինոթատրոններից պարզել է՝ արդյոք ՌԴ-ում տեղի ունեցող չեղարկումներն անդրադարձե՞լ են նաեւ տվյալ ֆիլմերի հայաստանյան ցուցադրությունների վրա:
«ԿինոՊարկ»-ից հարցադրմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ «Բեթմեն» ֆիլմը, ինչպես նախատեսված էր, էկրաններ կբարձրանա այսօր՝ մարտի 2-ին, ինչ վերաբերում է մյուս ֆիլմերի ցուցադրություններին՝ դեռեւս հստակ տեղեկություն չունեն.
«Խնդրում ենք ժամանակից շուտ խուճապի չմատնվել։ Ներկա պահին մենք եւս սպասում ենք հետագա ֆիլմերի պրեմիերաների վերաբերյալ տեղեկության։ Եթե լինեն որեւէ հայտարարություններ, անպայման կկիսվենք էջում»«Սինեմա Սթար»-ում եւս առայժմ հստակեցված է միայն «Բեթմենի» ցուցադրությունը. «Այս պահի դրությամբ միայն հստակ է, որ «Բեթմեն» ֆիլմը վաղվանից սովորականի նման կցուցադրվի «Սինեմա Սթարում», իսկ հետագա ֆիլմերի մասին դեռ հստակ ինֆորմացիա չկա»:
Ռուսաստանյան պրեմիերաների չեղարկման վերաբերյալ Disney-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը»: