Լուկաշենկոն Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների կազմակերպումը թրիլեր է անվանել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 28-ին Բելառուսի տարածքում, տեղեկացնում է «БелТА»-ն։ Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքները «զգուշավոր լավատեսություն» են ներշնչում։
«Եթե պատմեմ, թե ինչպես մենք կազմակերպեցինք այդ բանակցությունները, ապա պետք է ասեմ, որ դա իսկական թրիլեր էր։ Բանակցողները պարզապես կեցցեն, պարզապես ընտիր տղերք են։ Նրանք ավելին արեցին, քան հնարավոր էր։ Նրանք 5 ժամվա ընթացքում փայլուն կատարեցին իրենց աշխատանքն առաջին փուլում»,- ավելացրել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի կարծիքով՝ կայացած հանդիպման դրական արդյունքն այն է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Ինչպես ընդգծել է Լուկաշենկոն, բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա բելառուսա-լեհական սահմանի մոտ։