Անգլիայի հին հռոմեական դամբարանում արծաթի ընդհատակյա արտադրամաս են հայտնաբերել
Անգլիայում հնագետները հայտնաբերել են ուշ երկաթի դարաշրջանի դամբարան։ Պարզվել է, որ դամբարանը երկակի նշնակություն է ունեցել։ Ամենայն հավանականությամբ, այն երկար ժամանակ օգտագործվել է որպես արծաթի ապօրինի արտադրամաս, հաղորդում է Ancient Origins պորտալը։
Մոնումենտալ դամաբարանը հայտնաբերվել է 2005 թվականին Քենթ կոմսության տարածքում։ Ապագա տան կառուցման վայրում իրականացված տարածքի նախնական զննման ընթացքում գիտնականները երկու մետաղե ծայրի են դեմ առել։ Դա այս վայրում բազմամյա պեղումների սկիզբն էր։ Հնագիտական աշխատանքների ընդամենը 15 տարվա ընթացքում գիտնականներն այստեղ հայտնաբերել են Հռոմի ժամանակների 453 մետաղադրամ, ավելի քան մեկուկես տոննա քաշով 20 հազար կավե բեկոր եւ կենդանիների ոսկորների 8 հազար բեկոր։
Բացի այդ, պեղումների ընթացքում գիտնականները 15 կիլոգրամ «գլետ» են կուտակել՝ կապարի օքսիդի կողմնակի արտադրանք, որը ստացվում է գալենիտային հանքաքարերի օքսիդացման արդյունքում արծաթի արդյունահանման ժամանակ։
Դա հռոմեական շրջանի Բրիտանիայի օբյեկտների պեղումների ժամանակ երբեւէ հայտնաբերված ամենամեծ «գլետն» է։ Նման գտածոն նշանակում է, որ դամբարանում ապօրինի արծաթ են արտադրել Հռոմի հարկ հավաքողների աչքից հեռու։
Նյուքասլի համալսարանում հռոմեական հնագիտության ավագ դասախոս, դոկտոր Ջեյմս Ջերարդը ասում է, որ դեռեւս անհասկանալի է, թե ինչ նպատակով են տեղացիները արծաթը արծաթով հարուստ անպետք մետաղների համաձուլվածքներից մաքրել: Բացի այդ փորձագետը կարծում է, որ այստեղ ապրող մարդիկ, ամենայն հավանականությամբ, արծաթե մետաղադրամներ չեն հատել:
«Միգուցե նրանք արծաթե իրեր են պատրաստել, որոնք նման են Քենթերբերիական գանձի ձուլակտորներին», - ենթադրում է դոկտոր Ջերարդը։
Պրոֆեսորը կարծում է, որ այդ վայրում է գտնվել III կամ IV դարասկզբի դամբարան, որն ի սկզբանե կառուցվել է քարից եւ ծածկված է կղմինդրով: Շենքի շուրջ պարզ խճանկարից մայթ է հայտնաբերվել։ Այս վայրը բնակեցված է եղել մինչեւ V դարը, այնուհետեւ այն լքվել է։
Դամբարանում հնագետները միջին տարիքի կնոջ մարմնով կապարե դագաղ են գտել, որը, ենթադրաբար, տեղի տոհմի ղեկավարն է եղել:
Հետազոտողները կարծում են, որ նա ծանր կյանք է ունեցել, ինչի մասին վկայում են ոսկորների վրա հայտնաբերված օստեոարթրիտի հետքերը։ Սակայն, ունենալով բարձր կարգավիճակ, կինն ունեցել է որակյալ սննդի հասանելիություն եւ ապրել է համեմատաբար երկար։