Պետդեպ. Էնթոնի Բլինքենն ընդունել է Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հրավերը
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման հրավերը։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի խոսքով՝ Բլինքենը Լավրովի հետ հանդիպում էր առաջարկել, իսկ Ռուսաստանը, որպես ժամկետ, նշել էր հաջորդ շաբաթվա վերջը։ Հանդիպումը կկայանա Եվրոպայում՝ «պայմանով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա հետագա ներխուժում չի լինի»,- ասել է Փրայսը: «Եթե նրանք ներխուժեն մոտակա օրերին, պարզ կդառնա, որ նրանք երբեք դիվանագիտությանը լուրջ չեն վերաբերվել»,- հավելել է նա։
Ավելի վաղ Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ասել էր, որ խնդրել է Լավրովին հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում։
Իր ելույթում Բլինքենը նաեւ մանրամասն նկարագրել է այն գործողությունները, որոնք, ԱՄՆ-ի կարծիքով, Ռուսաստանը կարող է ձեռնարկել ճգնաժամ հրահրելու եւ Ուկրաինա ներխուժումն արդարացնելու համար՝ նշելով, որ Ռուսաստանը, որպես «իրենց հարձակման պատրվակ», կարող է «հորինված ահաբեկչական գործողություն կազմակերպել Ռուսաստանի ներսում՝ զանգվածային գերեզմանի հորինված հայտնաբերում, խաղաղ բնակչության վրա բեմադրված հարված անօդաչու թռչող սարքից կամ կեղծ կամ նույնիսկ իրական հարձակում քիմիական զենքի կիրառմամբ»։