Բլինքենը ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացրել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման Վաշինգտոնի վարկածը
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մանրամասն ներկայացրել է այն գործողությունները, որոնք, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը կարող է ձեռնարկել ճգնաժամ հրահրելու եւ Ուկրաինա ներխուժումն արդարացնելու համար, գրում է The Hill-ը։
«Ռուսաստանը նախատեսում է պատրվակ ստեղծել իր հարձակման համար»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ պատրվակ կարող է բռնի իրադարձությունը դառնալ, որի համար Ռուսաստանը կմեղադրի Ուկրաինային, կամ` «զարհուրելի մեղադրանք, որը Ռուսաստանը կներկայացնի Ուկրաինայի կառավարությանը»։
Ըստ պետքարտուղարի՝ դա կարող է «կեղծ, այսպես կոչված, ահաբեկչական հարձակում լինել Ռուսաստանի տարածքում, զանգվածային գերեզմանի բեմականացված հայտնաբերում, անօդաչու թռչող սարքի բեմականացված հարված խաղաղ բնակչությանը կամ կեղծ կամ նույնիսկ քիմիական զենքի կիրառմամբ իրական հարձակում»:
Պետքարտուղարը նաեւ հայտարարել է, որ ռուսական պետական ԶԼՄ-ներն ուժեղացնում են նախազգուշացումները ռուսների վրա հնարավոր հարձակման մասին, եւ որ «հորինված» ճգնաժամի դեպքում Ռուսաստանի կառավարությունը կարող է «կեղծ շտապ ժողովներ հրավիրել» եւ հայտարարել, որ անհրաժեշտ է «պաշտպանել ՌԴ քաղաքացիներին» կամ էթնիկ ռուսներին Ուկրաինայում»:
Նա հավելել է, որ Մոսկվայի հարձակման ծրագրերը «ռուսական հրթիռների եւ ռումբերի նետում են ներառում ուկրաինական տարածքում, հաղորդակցությունների արգելափակում, կիբերհարձակումների միջոցով ուկրաինական հիմնական հաստատությունների անջատում», իսկ ցամաքային ներխուժումը «կշարժվի առանցքային թիրախների ուղղությամբ, որոնք արդեն որոշված եւ քարտեզագրված են»:
Այդ պլանների թվում է նաեւ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի թիրախավորումը, ասել է Բլինքենը: Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը «կթիրախավորի ուկրաինացիների որոշակի խմբերի»։
Նրա խոսքով՝ նման մանրամասն գնահատականով նա կիսվել է Անվտանգության խորհրդի հետ՝ Ռուսաստանին զսպելու համար։