Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն
Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում փետրվարի 16-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ Առաջին մրցումային օրը տեղի է ունեցել բազմամարտի տղամարդկանց մրցաշարը։
Բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը 80,7 միավոր արդյունքով նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։ 77,350 միավոր արդյունքով արծաթե մեդալակիր է դարձել Գագիկ Խաչիկյանը, բրոնզե մեդալակիր՝ Համլետ Մանուկյանը (76,2)։
Փետրվարի 17-ին տեղի կունենան առանձին գործիքների մրցաշարերը: Հայաստանի առաջնությանը մասնակցում են բոլոր ուժեղագույն մարմնամարզիկները՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան։