Թալիբները թույլ չեն տա, որ Պակիստանը սահմանին պատնեշներ կառուցի
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը թույլ չի տա, որ Պակիստանը միակողմանիորեն պատնեշներ կառուցի Դյուրանդի (որը Քաբուլը չի ճանաչում) գծով անցնող սահմանին։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Zee TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով «Աֆղանստանի իսլամական էմիրության» պաշտպանության նախարարությանը։
«Աֆղանստանի իսլամական էմիրությունը» թույլ չի տա, որ Պակիստանը շարունակի միակողմանիորեն ինժեներական շինություններ կառուցել երկու երկրների միջեւ սահմանին, որն անցնում է աֆղանստանցիների կողմից չճանաչված Դյուրանդի գծով։ Կառավարական խորհրդակցությունների ժամանակ կընդունվի որոշում հետագա քայլերի մասին՝ ի պատասխան Պակիստանի գործողությունների,- հեռուստաալիքը մեջբերում է թալիբների ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար նշանակված Մուհամադ Յակուբ Մուջահիդին։- Մենք գործելու ենք մեր ղեկավարության բոլոր ցուցումներին համապատասխան», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Պակիստանի ներքին գործերի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմադը հայտարարել էր, որ Աֆղանստանի հետ սահմանին պատնեշների կառուցումն ավարտված է ավելի քան 90 տոկոսով։
Պակիստանը Աֆղանստանի հետ սահմանին 2 611 կիլոմետր երկարությամբ ինժեներական շինությունների կառուցումն սկսել է 2017թ.՝ ահաբեկչության եւ «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» արմատական կազմակերպության գրոհայինների ներթափանցման կանխման նպատակով։ Սահմանի ավելի քան 800 կիլոմետր երկարությամբ կառուցված են պատնեշներ եւ 388 կրակակետեր սահմանապահների համար։