Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում լարվածությունն ազդում է նավթի գների վրա
Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում լարվածությունն ազդում է նավթի գների, բայց ոչ վառելիքի հիմնարար անբավարարության վրա, որը կարդարացներ ՕՊԵԿ+-ի կողմից արդյունահանման արագացումը, հինգշաբթի հայտարարել է ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ Մազրուին, հաղորդում է Reuters-ը։
«Կարծես թե դա ոչ թե պահանջարկ է, այլ առաջարկ»,- Egypt Petroleum Show-ի կուլիսներում լրագրողներին ասել է նա: «Հիմնական թռիչքը (գների) պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածությամբ, որի պատճառով գներն այնտեղ են, որտեղ այսօր կան»:
Նրա խոսքով, նավթ արտահանող երկրների կազմակերպության եւ Ռուսաստանի գլխավորությամբ դաշնակիցների (ՕՊԵԿ+) կողմից արդյունահանման ամսական 400 000 բարելով ավելացումը օգնել է բավարարել նավթի պահանջարկի աճը։
«Եթե մեզ անհրաժեշտ է ավելին անել, մենք պետք է նայենք հիմնարար եւ տեխնիկական տվյալներին»,- ասել է Մազրուին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՕՊԵԿ+-ը պետք է ավելացնի նավթի արդյունահանումը:
Brent նավթի գները երկուշաբթի բարձրացել են՝ հասնելով բարելի դիմաց 96 դոլարի գագաթնակետին, ինչը ամենաբարձր մակարդակն է ավելի քան յոթ տարվա ընթացքում՝ ի պատասխան այն մտավախությունների, որ Ռուսաստանի հնարավոր ներխուժումն Ուկրաինա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից պատժամիջոցների, որոնք կխաթարեն նավթի արտահանումը:
Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԷԳ) անցյալ շաբաթ հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են օգնել հանգստացնել նավթի անկայուն շուկաները, եթե ավելի շատ հում նավթ մղեն:
Երկուշաբթի օրը եգիպտական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը կոչ է արել ՕՊԵԿ+-ին կրճատել տարբերությունը նավթի՝ պարտավորությամբ ստանձնած քանակի արդյունահանման եւ արդյունահանված փաստացի ծավալի միջեւ:
ՄԷԳ-ը հայտարարել է, որ ՕՊԵԿ+-ը հունվարին չի հասել օրական 900 000 բարել արդյունահանելու նպատակներին:
Մազրուին նշել է, որ դժվար է կանխատեսել աշխարհաքաղաքականության ազդեցությունը նավթի գների վրա, սակայն ասել է, որ ինքը նրանց թվում է, ովքեր չեն կարծում, թե Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա։
Նա նաեւ ասել է, որ եթե լարվածությունը հանգեցնի մատակարարման խափանումների, արտադրող երկրները չեն կարողանա փոխհատուցել: «Ոչ ոք [ՕՊԵԿ+]-ում չի կարող փոխարինել այս արդյունահանմանը»,- հավելել է Մազրուին՝ նկատի ունենալով Ռուսաստանից մատակարարումների հնարավոր խափանումը։